Իսրայելի կառավարությունը դադարեցնում է Երուսաղեմի եկեղեցիներից հարկերի գանձման գործընթացը, որը բողոքի մեծ ալիք էր բարձրացրել եկեղեցականների շրջանում:
Վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը այսօր հայտարարել է, որ հարկերի գանձման և ստեղծված իրավիճակի կարգավորման հարցերով կստեղծվի հատուկ հանձնաժողով, որը բանակցություններ կվարի եկեղեցիների ներկայացուցիչների հետ, իսկ մինչ այդ «Երուսաղեմի քաղաքապետարանը կդադարեցնի հարկերի գանձման գործընթացը», որը մեկնարկել է մի քանի շաբաթ առաջ:
Կիրակի օրը ի նշան բողոքի Երուսաղեմի Հռոմի Կաթոլիկ, Հույն Ուղղափառ և Հայ Առաքելական եկեղեցիների ներկայացուցիչները փակել էին Սուրբ Հարության տաճարը:
Քրիստոնեական եկեղեցիները հարկային նորամուծությունները համարում են «Սուրբ Հողում քրիստոնյաների դեմ ուղղված աննախադեպ ճնշում»: