ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը հայտարարել է, որ հանձնարարում է Բանտերի Դաշնային բյուրոյին վերակառուցել և վերաբացել Սան Ֆրանցիսկոյի ծոցում գտնվող հայտնի Ալկատրաս բանտը՝ «Ամերիկայի ամենադաժան հանցագործներին տեղավորելու համար»։
«Վերակառուցեք և վերաբացեք Ալկատրասը», - գրել է նա Truth սոցիալական ցանցում։ «Անցյալում, երբ մենք ավելի լուրջ ազգ էինք, մենք չէինք տատանվում բանտարկել ամենավտանգավոր հանցագործներին և հեռու պահել նրանցից, ում կարող էին վնասել»։
«Այսօր ես հանձնարարում եմ Բանտերի բյուրոյին՝ Արդարադատության նախարարության, ՀԴԲ-ի և Հայրենիքի անվտանգության հետ համատեղ, վերաբացել զգալիորեն ընդլայնված և վերակառուցված Ալկատրասը», - գրել է Թրամփը։
Ֆլորիդայից Սպիտակ տուն վերադառնալիս Թրամփը լրագրողներին ասել է, որ բանտի վերաբացումը «պարզապես իմ ունեցած գաղափարն էր» և որոշել է գործել։
«Դա օրենքի և կարգուկանոնի խորհրդանիշ է», - ասել է նա։
Reuters-ի փոխանցմամբ՝ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին, արձագանքելով Թրամփի հայտարարությանը, X-ում նշել է. - «Ալկատրասը որպես դաշնային բանտ փակվել է ավելի քան վաթսուն տարի առաջ: Այժմ այն շատ հայտնի ազգային պարկ է և խոշոր զբոսաշրջային տեսարժան վայր: Նախագահի առաջարկը լուրջ չէ»։
Ինչպես նշում է լրատվամիջոցը, Ալկատրասը համարվում էր Ամերիկայի ամենաապահով բանտը՝ հաշվի առնելով կղզու գտնվելու վայրը, սառցե ջրերը և ուժեղ հոսանքները։ Ալկատրասից պաշտոնապես ոչ մի հաջող փախուստ չի գրանցվել, չնայած հինգ բանտարկյալներ համարվում են «անհետ կորած և ենթադրաբար խեղդված»։