Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր Ազեր Բադամովի Ռուսաստան մուտքի արգելքի պատճառը նրա բազմիցս հնչեցրած հակառուսական հայտարարություններն են, այս մասին հաղորդում է ռուսաստանյան ՏԱՍՍ պետական գործակալությունը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրը։
«Ինչպես հայտնի է ավելի վաղ Ադրբեջան մուտքի արգելք է սահմանվել ռուսաստանցի մի շարք օրենսդիրների նկատմամբ։ Վերջին նման դեպքը վերաբերում է Պետական դումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևին։ Մոսկվայում կարծում են, որ նման հարցերը կարգավորելու ճիշտ ուղին դիվանագիտականն է, այլ ոչ թե լրատվամիջոցներով պնդումներ անելը», -լրատվամիջոցին ասել է ռուսաստանյան դիվանագիտական աղբյուրը։
Նախօրեին ադրբեջանցի պատգամավորը ռուսական կողմի հրավերով ուղևորվել է Աստրախան՝ Հեյդար Ալիևին նվիրված միջոցառումներին մասնակցելու, սակայն ռուսական կողմը Մոսկվայի օդանավակայանում նրան թույլ չի տվել նստել դեպի Աստրախան թռչող ինքնաթիռ։
Բադամովին, ըստ ադրբեջանական կողմի, Մոսկվան որևէ բացատրություն չի ներկայացրել։
«Մենք դիմել ենք Ռուսաստանի ԱԳՆ, պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ դեպքը կհետաքննվի, բայց պատճառները չի բացատրել»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը։
Հաջիզադեն պնդել է, թե «Բաքուն սա համարում է ոչ բարեկամական քայլ և սպասում է Ռուսաստանից պարզաբանումների»։
Ադրբեջանական լրատվամիջոցները ենթադրում են, որ միջադեպը տեղի է ունեցել ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևի հասցեին Բադամովի հայտարարությունների պատճառով։ Ամիսներ առաջ, երբ Բաքուն որոշեց փակել «Ռուսաստանի տունը», Վալուևը իր Telegram ալիքում վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել ադրբեջանցիների հասցեին։ Բադամովը նույն տոնով հակադարձել էր նրան Ֆեյսբուք-ի իր էջում։