Մատչելիության հղումներ

«Պատրաստակամություն ենք հայտնում նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց». «Պատիվ ունեմ»


Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները ի պատասխան «Արթուն ենք» շարժման Էդգար Ղազարյանի նամակի հայտարարում են. - «Վերահաստատում ենք, որ այս պահին իշխանափոխության հասնելու ամենահավանական եղանակը վարչապետին անվստահության հայտնելու գործընթացն է»:

Վարչապետին անվստահություն հայտնելու հարցով օրեր առաջ պատգամավորներին նամակներ են փոխանցել «Արթուն ենք» շարժման անդամներ Նարեկ Մալյանն ու Էդգար Ղազարյանը: Ընդդիմադիրներին առաջարկում են Փաշինյանին հեռացնելու համար կոնկրետ գործողությունների դիմել:

Պատգամավորների պատասխան նամակում նշված է, որ այս պահին վարչապետի թեկնածու չունեն և «պատրաստակամություն ենք հայտնում առանց որևէ նախապայմանի քննարկել թեկնածուի հարցը ու նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց»:

Նամակն իր ֆեյսբուքայն էջում հրապարակել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցությունները միասին ունեն 34 ձայն, որպեսզի Փաշինյանին անվստահություն հայտնելու նախագիծ ներկայացվի, անհրաժեշտ է 36 պատգամավորի համաձայնություն, իսկ նախագծի ընդունման համար 107 պատգամավորից առնվազն 54-ը պետք է կողմ քվեարկի:

Ազգային ժողովի նախագահը, ում քաղաքացիական նախաձեռնությունը նույնպես դիմել է, վստահ է՝ ՔՊ-ականները վարչապետ Փաշինյանի իմփիչմենթին չեն միանան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG