Մատչելիության հղումներ

Բաքուն միջազգային անկախ դիտորդներին ու փորձագետներին արգելել է մասնակցել հայերի դատերին


Ադրբեջան - Դատարանի շենքը Բաքվում, որտեղ անցկացվում են հայերի դատավարությունները, արխիվ
Ադրբեջան - Դատարանի շենքը Բաքվում, որտեղ անցկացվում են հայերի դատավարությունները, արխիվ

Ադրբեջանն արգելել է միջազգային անկախ դիտորդներին, փորձագետներին ու դիվանագիտական ներկայացուցիչներին մասնակցել Բաքվում ընթացող հայերի դատավարություններին։ Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար, միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ նիստերին մասնակցել ցանկացողներն անգամ հետապնդումների են ենթարկվել։ Արցախի նախկին նախագահների ու մյուս պաշտոնյաների դատավարությունից առանձին Բաքվի ռազմական դատարանում ընթանում է Ռուբեն Վարդանյանի դատաքննությունը։

«Նրանց հարցաքննել են, ողջ շարժի ընթացքում հետևել են և տարբեր ուժային ահաբեկող մեթոդներով փորձել են վախեցնել անձին: Այստեղ ոչ միայն սովորական արգեքներ են ներկայացվում, այլ նաև հետապնդում հիշեցնող քայլեր են իրականացվում բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր ցանկություն ունեն ներկա գտնվել հռչակված բաց դատավարություններին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սահակյանը:

Գերիների հարցերով զբաղվող միջազգային իրավունքի մասնագետն առայժմ չի բացահայտում, թե ովքեր կամ ինչ կազմակերպությունների անդամներ են Բաքվից մերժումներ ստացած ու հետապնդված անձինք։ Ասում է՝ նրանց դարձյալ չթիրախավորելու միտումով է ձեռնպահ մնում անուններ հրապարակելուց։ Միևնույն ժամանակ, Սահակյանը չի բացառում՝ առաջիկայում հնարավոր է բացահայտումներ արվեն։

«Այնտեղ անձինք իրենց ցանկություններով գտնվելու հնարավորություն չունեն, ցուցակագրվում են նախապես, անունները համաձայնեցվում են ադրբեջանական պետական մարմինների կողմից, այդ տեղեկատվությունը անձանց կողմից ստացված ամբողջովին վերահսկվում է պետության կողմից, և անկախ երրորդ անձինք զրկված են դատավարությանը ներկա գտնվելու հնարավորությունից», - նշեց միջազգային իրավունքի մասնագետը:

Տարեսկզբից մեկնարկած՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ու մյուս հայերի դատավարությունն ընթանում է փակ դռների հետևում՝ առանց անկախ փաստաբանների ու լրատվամիջոցների ներկայության։

Բաքվի ռազմական դատարանըվերջին նիստերին քննում է, ադրբեջանական կողմի ձևակերպմամբ, Շուշիի ու Մարտունիի «օկուպացիաները»։ Դրանց ընթացքում պարբերաբար շեշտվում են Արցախի ու Հայաստանի նախկին ղեկավարների անունները։ Որպես վկաներ ներկայացվող անձինք հայերին մեղադրում են սպանությունների, խաղաղ բնակիչներին թիրախավորելու, տեղահանելու համար։ Բայց թե ինչ փաստեր են ներկայացնում դատարանում, հնարավոր չի լինում պարզել. դատավարությունը լուսաբանող միակ լրատվամիջոցը՝ «Ազերթաջ»-ը, նիստերից կցկտուր տեղեկություններ է հրապարակում նույն օրը, հաջորդ օրն էլ՝ տեսանյութ։ Անկախ աղբյուրներից ադրբեջանական պետության կողմից վերահսկվող լրատվամիջոցի հայտնած տեղեկությունները ստուգել հնարավոր չէ:

Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյան, արխիվ
Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյան, արխիվ

Միջազգային իրավունքի մասնագետն ասում է՝ դա փաստում է, որ Բաքուն փորձում է խմբագրումներով կեղծ, մտացածին դատավարությանը իրականության իմիտացիա տալ։

«Մեծ ժամանակային խզում կա, օրինակ՝ դատավարությունները ոչ թե անմիջականորեն են լուսաբանվում, այլ մեկ-երկու օր վերամշակվում են նյութերը, որից հետո պետության թույլտվությամբ նոր արտահոսք է տեղի ունենում: Եվ մենք ունեցանք թե՛ Ռուբեն վարդանյանի և թե՛ Բաբայանի պարագայում ուղիղ խոսք՝ ընտանիքների միջոցով, առ այն, որ նրանց մտքերը ձևախեղվում են, և դատավարության ընթացքում հնչեցված հայտարարությունները ոչ ամբողջական, ոչ ճշգրիտ կերպով են ներկայացվում հանրությանը», - ընդգծեց Սիրանուշ Սահակյանը՝ շարունակելով. - «Սա, իմ գնահատմամբ, ադրբեջանական կեղծարարական քաղաքականության որոշակի դրսևորում է»:

Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությանը տասնյակներով մեղադրանքներ է ներկայացրել է Ադրբեջանը։ Օրինակ՝ Ռուբեն Վարդանյանը, որն Արցախի պետնախարար է եղել ընդամենը երեքուկես ամիս ու երբեք չի համակարգել ռազմական ոլորտը, մեղադրվում է չորս տասնյակից ավելի հոդվածներով՝ ահաբեկչությունից, պատերազմ կազմակերպելուց մինչև զանգվածային սպանություններ։ Նախկին պաշտոնյային մինչև ցմահ ազատազրկում է սպառնում Բաքվում։

Օրերս նրա որդին դիմել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ ավելի քան մեկուկես տարի Բաքվում բանտարկված հորն ու մյուս 22 հայ գերիներին ազատ արձակելու խնդրանքով։

Միջազգային իրավունքի մասնագետն ասում է՝ չնայած ԱՄՆ քաղաքականության փոփոխությունը, պետք չէ բացառել, որ Վաշինգտնոը կարող է ազդեցություն ունենալ Բաքվի վրա՝ գերիներին ազատ արձակելու հարցում։

«Ամերիկյան կողմը ունի բավարար ռեսուրսներ, և մենք կոնկրետ օրինակով էլ հասկացել ենք այդ ռեսուրսների արդյունավետությունը, օրինակ՝ 2022 թվականին, երբ ագրեսիա տեղի ունեցավ Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ, և գերեվարվեցին երեք տասնյակից ավելի հայ զինծառայողներ, ամերիկյան ջանքերի շնորհիվ նրանց ազատ արձակումը հնարավոր եղավ երկու շաբաթյա ժամանակահատվածում. սա աննախադեպ ցուցանիշ էր, և սա վկայում է, որ ամերիկյան, ադրբեջանական-ամերիկյան-թուրքական հարաբերություններում կան այնպիսի կենսական կոմպոնենտներ, որոնց առաջնահերթություն տալով հնարավոր է հասնել այլ բնույթի խնդիրների կարգավորման», - ասաց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավարը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության այժմ արդեն նախկին խորհրդականն էր Բաքվին կոչ արել ազատ արձակել հայ գերիներին։


Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG