Մատչելիության հղումներ

«Ես դատավորի դեր չեմ ստանձնելու». Ավինյանը՝ Նոր Նորքի թաղապետարանում ծեծի մասին


Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ավագանու նիստի ժամանակ, արխիվ
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ավագանու նիստի ժամանակ, արխիվ

«Ամեն օր ինչ-որ մեկը ինձ վիրավորում ա, ինձ, բոլորիս, ամեն մեկիս անհատապես ինչ-որ մեկը վիրավորում ա, թևերներս չենք քշտում գնում իրանց ծեծելու, դա մեր վարքականոնը չի». - Երևանի քաղաքապետը Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքից հինգ օր անց գնահատական տվեց կատարվածին՝ սադրանք էր, որին պետք չէր բռնությամբ արձագանքել:

«Երևանի քաղաքապետարանի յուրաքանչյուր աշխատակից և մասնավորապես վարչական շրջանի ղեկավարները, ովքեր որ Երևանի քաղաքապետի ներկայացուցիչներն են տվյալ վարչական շրջանում, պարտավոր են ցուցաբերել զսպվածություն: Սադրանքները միշտ կան, ամենուրեք են և միշտ կլինեն», - հայտարարեց քաղաքապետը:

Բռնությունը դատապարտող Տիգրան Ավինյանը, այդուհանդերձ, ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծած թաղապետին աշխատանքից չազատեց, ընդամենը հիշեցրեց՝ ինչ պետք է անի Երևանի քաղաքապետարանի աշխատակիցը սադրանքի դեպքում. - «Այսպես ասած տիկտոկյան հիթ դառնալու մոլուցքով շատերը է՛լ ավելի մեծ եռանդով փորձելու են նմանատիպ սադրանքներ իրականացնել: Սա չի նշանակում, որ մեր որևէ մկան ավել շարժում պետք է կատարի, և մկան՝ նկատի չունեմ բիլակներ, նկատի ունեմ ունքը»:

Գործակարգավարական նիստին ներկա Նոր Նորքի թաղապետն էլ ներողություն խնդրեց, բայց Տիգրան Տեր-Մարգարյանի զղջումը բուն ծեծին չէր վերաբերում, ասաց՝ սադրանքի է տրվել, իրեն չի զսպել. - «Այո, տեսարանը ոչ հաճելիներից էր: Եվս մեկ անգամ հայցում եմ ներողամտություն և հավատացնում եմ, որ դրանից հետո ես ինքս եկել եմ բազմաթիվ եզրահանգումների»:

Թե ինչ եզրահանգումների մասին է խոսքը, թաղապետը չմանրամասնեց։ Քաղաքապետն էլ գնահատեց թաղապետի խոսքը և կրկին հիշեցրեց. - «Այո, դա սադրանք է՝ էդտեղ կա ահռելի ծավալի սուտ, էդտեղ եղել ա վիրավորանքներ, այո, պարոն Տեր-Մարգարյան»:

Նիստի ընթացքում թերևս ամենաշատ օգտագործված բառն այսօր հենց սադրանքն էր։ Իսկ ի՞նչն է սադրանք համարում Ավինյանը։

«Նայեք, ՔՊ-ի մանկապարտեզը, սարքած մանկապարտեզի ճաքերն ա էսի». - ակտիվիստ Արթուր Չախոյանի հրապարակած տեսանյութում Նոր Նորքի թիվ 105 մանկապարտեզն էր, որտեղ վերանորոգումից հետո հեշտությամբ պոկվում էին ասֆալտը, պատի ներկը, քարերը։ Այս տեսանյութին հետևել էր Նոր Նորքի թաղապետի հայհոյախառը հեռախոսազանգը, հետո էլ՝ Չախոյանի յոգուրտներով ակցիան թաղապետարանում, և հաջորդիվ՝ խմբակային ծեծը, ընդ որում՝ ուղիղ եթերում։ Ավինյանը հիշեցրեց, որ հարյուրավոր մանկապարտեզներից 4-5-ն են խնդրահարույց եղել, դրանք էլ լուծվող խնդիրներ են, ընդգծեց նաև՝ Նոր Նորքի թաղապետը կապ չունի այդ մանկապարտեզի հետ։

«Այնուամենայնիվ, գնահատում եմ Ձեր խոսքը, և ես հուսով եմ, որ երևանցիները նույնպես կգնահատեն», - ասաց քաղաքապետը:

«Իրենք ոնց ուզում են, էդպես անում են, և իրենց ինչ ձեռնտու է, էդպես էլ անում են ... Իմ կարծիքով՝ [Նոր Նորքի թաղապետը] չպետք է աշխատի, չպետք է շարունակել աշխատել ...»:

«Ավելի լավ ա չասեմ ... »:

«Իհարկե բավարար չի [թաղապետի ներողությունը], թաղապետին վայել չի նման պահվածքը: Դե գոնե նկատողություն ստանար ամենաքիչը, բայց դա էլ չեղավ ... »:

Երևանի փողոցներում «Ազատություն»-ը ա՛յս կարծիքները լսեց, իսկ մի քանի պողոտա այն կողմ՝ Տիգրան Ավինյանը եզրահանգեց. - «Ես դատավորի դեր չեմ ստանձնելու»:

Նոր Նորքի թաղապետարանում ապրիլի 30-ի ծեծի դեպքով մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հոդվածով մեղադրանք է առաջադրվել 4 հոգու, այդ թվում՝ թաղապետին։ Երևանի խնդիրների մասին ահազանգող ակտիվիստ Արթուր Չախոյանն ու ավագանու ընդդիմադիր անդամն էլ մեղադրվում են խուլիգանության համար:

Գործակարգավարական նիստում այսօր ևս մի թաղապետ քաղաքապետի ուշադրությանն արժանացավ. - «Պարոն Մխիթարյան, պարոն Մխիթարյան»:

Պարոն Մխիթարյանը Մալաթիա-Սեբաստիա համայնքի վարչական ղեկավար Ռոմիկ Մխիթարյանն է, որը ծեծկռտուքից հետո սպառնացել էր՝ եթե Ավինյանը հեռացնի Նոր Նորքի թաղապետին, իրենք բոլորը «վայր կդնեն իրենց լիազորությունները»։

«Ձեր հայտարարությունը սխալ հայտարարություն էր, որովհետև Երևանի քաղաքապետը, ամենայն հարգանքով, հարգելիներս, չի կարող զուտ միայն կուսակցական տրամաբանությունից ելնի կամ գործընկերային, կամ մեկին սիրում ա, կամ մեկին չի սիրում», - ասաց Ավինյանը:

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը «Հանրապետություն» խմբակցության անդամ է։ Նաև այս խմբակցության հետ կոալիցիա կազմելով «Քաղաքացիական պայմանագիր»-ն իշխանություն ձևավորեց ավագանիում, Ավինյանն էլ քաղաքապետ ընտրվեց: Ավինյանի պատասխանը թերևս նաև այս մեղադրանքներին էր ուղղված, որ Երևանում իշխանությունը չկորցնելու համար ՔՊ-ն «Հանրապետություն» կուսակցության ձեռքում պատանդ է դարձել և հենց այդ պատճառով ծեծող թաղապետին պաշտոնանկ չի անում։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG