Մատչելիության հղումներ

Քոչարյանի վարքագիծը քննող հանձնաժողով չի ստեղծվի. քննարկումը բողոքի ակցիայով ուղեկցվեց


Իշխանական խմբակցության ջանքերով չի ստեղծվի էթիկայի ժամանակավոր հանձնաժողով՝ քննելու լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ պաշտպանության հանձնաժողովը ղեկավարող Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը:

Ընդդիմադիրների նախաձեռնությունը իշխանությունը նախ պետաիրավական հանձնաժողովում մերժեց, «Պատիվ ունեմ»-ն ու «Հայաստան»-ը որոշեցին օգտվել կանոնակարգով ընձեռած հնարավորությունից ու որպես արտահերթ հարց բերել ԱԺ դահլիճ: Լրագրողներն էին ընդդիմությանը դիմել հանձնաժողով ստեղծելու համար:

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Թագուհի Թովմասյանը հիշեցրեց՝ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելն արգելվում է օրենքով. «Անդրանիկ Քոչարյանը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ ցուցաբերել է ակնհայտ անհարգալից վերաբերմունք»:

Անդրանիկ Քոչարյանն իր հարցով քննարկմանը նախընտրեց հետևել նիստերի դահլիճում՝ բարձր տրամադրությամբ. տեսախցիկները ֆիքսել են նրա դեմքի ժպիտը:


Այսօրվա քննարկումը լրագրողների բողոքի ակցիայով ուղեկցվեց, նիստերի դահլիճի մուտքի մոտ նաև «ամոթ» պաստառն էր կախված: Միջադեպից 1.5 ամիս է անցել, լրագրողները Քոչարյանից դեռ ներողություն էին ակնկալում:

Անդրանիկ Քոչարյանը ինչպես նախկինում, այսօրվա ելույթում էլ ներողություն չխնդրեց. «Ես կրկնել եմ հայտնի հոգևորականի բառերը, որը շատ ավելի կոշտ է ասել՝ «բերանդ լվա»: Ես որևէ վիրավորական բան չեմ ասել, ես ասել եմ խոսքի մաքրության մասին»:

Հարցը ներկայացնող «Պատիվ ունեմ»-ից Թագուհի Թովմասյանը Անդրանիկ Քոչարյանի պարզաբանումը մանիպուլյացիա է որակում: Սրբազան շարժման առաջնորդներից, «Հայաստան» խմբակցությունից Գառնիկ Դանիելյանն էլ որոշեց անդրադառնալ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը:

«Բագրատ սրբազանը մի քանի անգամ ներողություն խնդրել դրա համար, եթե լրագրողը վիրավորվել է: Ամեն ինչի մասին խոսում եք այստեղ, բացի ներողություն խնդրելուց: Նույնը ոնց որ մի քանի օր առաջ Նոր Նորքի թաղապետարանում... Ասում եք՝ բռնություններ չկան, բլոգերին ձեր կոալիցիոն գործընկերը 10-15 հոգով դաժան ծեծի է ենթարկում», - նշեց Դանիելյանը:

Քննարկումը բուռն էր, իշխանությունը հիշեց նախկինների պատգամավորների՝ լրագրողներին ուղղված հայհոյանքներն ու սպառնալիքները, ընդդիմադիրները խոսեցին իշխանության այսօրվա անգործությունից:

Իսկ ինչու էր իշխանությունը դեմ ժամանակավոր հանձնաժողովին. ՔՊ-ից Ալխաս Ղազարյանն ուղիղ հայտարարեց. «ԱԺ կանոնակարգով էլ սահմանված է, որ հանձնաժողովի թիվը և կազմը ձևավորվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ: Նշանակում է՝ նման հանձնաժողովը գործունակ չի լինի, քանի որ լինելու է մեծամասնության հանձնաժողով:

Միևնույն ժամանակ, ինչպես արդեն նշել ենք, մենք հիմա էլ նախաձեռնել էլ էթիկայի մշտական հանձնաժողով ստեղծելու գործընթաց»:

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

XS
SM
MD
LG