Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան հնարավոր այցին ընդառաջ նրա թիմակից Արեն Թորոսյանը հայտարարում է՝ Մոսկվայից փորձում են համակարգված ազդել 2026 թվականին սպասվող խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա: Իշխանական պատգամավորը որպես հիմնավորում կրկնեց այն, ինչ երեկ նաև Ազգային ժողովի նախագահն էր ասել, թե Ռուսաստանի կենտրոնական իշխանությունն այդ նպատակին հասնելու համար Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է վարում:
«Որպեսզի ունենան իրենց հաճո իշխանություն, որն ինչ ուզենա, անի իրենց համար այդ իշխանությունը և ոչ թե փորձի ձգտել ՀՀ սուվերենության և ինքնիշխանության, անկախության բարձրացմանը, ինչը մենք հիմա անում ենք», - ասաց Թորոսյանը:
Որ Ռուսաստանը ցանկանում է Հայաստանում հասնել իշխանափոխության, պնդում է նաև խորհրդարանի խոսնակը: Ալեն Սիմոնյանը երեկ ասել էր, թե դրա համար ռուսական կողմն անգամ ֆինանսական միջոցներ է ծախսում:
Մոսկվայից այսօր Սիմոնյանի մեղադրանքներին կարճ արձագանքեց Արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան. «Մեղմ ասած՝ ցավալի է այն հռետորաբանությունը, որին վերադարձել է Ալեն Սիմոնյանը, դա չի համապատասխանում խորհրդարանի խոսնակի կերպարին, այդ հարձակումները, վիրավորանքները»:
ՔՊ-ական Արսեն Թորոսյանն այսօր մանրամասնեց՝ հիբրիդային պատերազմի հարվածները հետպատերազմական շրջանի տարբեր փուլերում են զգացել: Ասաց՝ կիրառվող գործիքները տնտեսականից մինչև տեղեկատվական բնույթի են:
Հայ-ռուսական հարաբերություններում 2022 թվականին սեպտեմբերին ադրբեջանական հարձակումից հետո նկատվող լարվածությունը հասավ հրապարակային մեղադրանքների Արցախի անկումից հետո, երբ ռուս խաղաղապահների ներկայությամբ հայաթափվեց Լեռնային Ղարաբաղը: Երևանը Մոսկվային մեղադրեց անգործության համար: Իսկ Մոսկվայից հակադարձեցին՝ տեղի ունեցածը Նիկոլ Փաշինյանի՝ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու որոշման հետևանք է: Հայ-ռուսական հարաբերություններում առանց այդ էլ առկա լարվածությունն առավել սրվեց, երբ խորհրդարանի իշխող մեծամասնությունն ընդունեց անդամակցության գործընթաց չենթադրող Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին օրինագիծը, որն, ըստ էության, կապ չունի անդամակցության բուն գործընթացի հետ:
Շաբաթավերջին Հայաստանի իշխանության այս որոշմանը 168.am-ին տված հարցազրույցում անդրադարձել էր Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ պնդելեով, թե ԵՄ-ից փորձում են ոչնչացնել Երևանի և Մոսկվայի դաշնակցային կապը. «Հայաստանը՝ որպես ինքնիշխան երկիր, անկասկած, ունի բոլոր իրավունքները՝ զարգացնելու հարաբերություններ՝ ում հետ ցանկանում է։ Դրա հետ մեկտեղ, մենք ողջամտորեն ակնկալում ենք, որ մեր հայ դաշնակիցները թույլ չեն տա Արևմուտքում գտնվող ռուսատյաց ուժերին՝ օգտագործել իրենց հրաշալի երկիրը տարածաշրջանում Ռուսաստանի հետ առճակատման «երկրորդ ճակատ» բացելու համար, ինչպես նաև չեն խաթարի իրենց մասնակցությունը եվրասիական ինտեգրման դինամիկ զարգացող գործընթացներին»:
ՔՊ-ական Արսեն Թորոսյանի գնահատմամբ՝ սա Հայաստանին ուղղված սպառնալիք է. «Սա շանտաժ է ակնհայտորեն, մոտավորապես եթե բացենք, հետևյալն է՝ չփորձվեք հանկարծ արևմտյան պետությունների հետ ավելի լավ հարաբերություններ ունենալ, ավելի ինտեգրվել, ավելի մոտենալ, որովհետև մենք կարող ենք, օրինակ, Հայաստանում անկարգություններ հրահրել, կոնֆլիկտներ գեներացնել և այլն»:
Չնայած այս հայտարարություններին՝ առաջիկայում ռուս բարձրաստիճան պաշտոնյաների՝ արտգործնախարարի ու Դաշնային խորհրդի նախագահի այցեր են նախատեսվում Երևան, մայիսի 9-ին սպասվում է նաև Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա, թեև հայկական կողմը դեռ պաշտոնապես չի հայտարարել այս մասին: Խոսնակը «Ազատությանն» ասել է՝ վարչապետի այցերի մասին «ժամանակին տեղեկացնում են»:
Ամբողջական տարբերակը՝ «Ազատության» ռեպորտաժում.