Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 5-ին աշխատանքային այցով մեկնել է Հունաստան:
Այցի մասին հայտնում է հայկական ռազմական գերատեսչությունը՝ առանց այլ մանրամասներ նշելու:
Փետրվարին էլ պաշտոնական այցով Հունաստանում էր Հայաստանի պաշտպանության փոխնախարար, ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը: Ասրյանը Հունաստանում քննարկել էր պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությունը:
Անցած դեկտեմբերին Աթենքում կայացել էին Հայաստան-Հունաստան երկկողմ ու Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցությունները: Ստորագրվել էին պաշտպանական համագործակցության 2025-ի ծրագրերը։
2023-ի դեկտեմբերին Հայաստանը և Հունաստանը ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր կնքեցին՝ պայմանավորվելով նոր թափով զարգացնել համագործակցությունը՝ ներառելով ռազմատեխնիկական, փորձի փոխանակման, կրթական, ուսումնավարժական, մարտավարական պատրաստության և այլ ուղղություններ։