«Ասել, որ ունենք վերջնական հանգուցալուծում կամ պայմանավորվածություն կլինի չափազանցություն, բայց ես կարծում եմ, որ խոսակցությունը պետք է շարունակել», - արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսպես արձագանքեց «Ազատության» հարցին՝ արդյոք խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարը փակված կարելի՞ է համարել, քանի դեռ Հայաստանը չի փոխել իր մայր օրենքը, չի գնացել Մինսկի խմբի լուծարման:
Ադրբեջանը չի նահանջում պայմանագրի ստորագրման համար առաջ քաշած այդ երկու նախապայմանից: Համաձայնության բացակայության մասին նախարար Միրզոյանը խոսում է Անթալիայում ադրբեջանցի իր գործընկերոջ հետ 4 օր առաջ տեղի ունեցած հանդիպումից հետո:
«Մինսկի խմբի գոյությունն իսկապես ոչ մի հավելյալ արժեք չի տա, հակառակը, կարող է նույնիսկ հակառակ ազդեցությունը տալ ստորագրված համաձայնագրի պարագայում: Այդ պատճառով մենք կողմ ենք ու բաց ենք ձևաչափի լուծարման գործընթացին: Մենք ուղղակի կարծում ենք, որ մենք էդ գործընթացները կարող ենք, փաստաթղթերն առնվազն նույն օրը ստորագրել, ինչ հաջորդականություն ուզում եք դրեք՝ մեկը խաղաղության համաձայնագիրը և մյուսը հակատեղ դիմումը ԵԱԿ-ին՝ տեղեկացնելով էդ խմբի լուծարման գործընթաց սկսելու Հայաստանի ու Ադրբեջանի պատրաստակամության նախաձեռնության մասին», - նշեց Միրզոյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ Բայրամովի՝ ԵԱՀԿ ՄԽ-ն ու ՀՀ սահմանադրությունը հարաբերությունների կարգավորման խոչընդոտներ են, Միրզոյանն արձագանքել էՀայաստանի համար դեռ պարզ չէ՝ Սահմանադրության փոփոխության հարց Ադրբեջանը բարձրացնում է՝ խաղաղության փաստաթուղթ չստորագրելու, բանակցությունները ձգձգելու համար, թե, ինչպես Արարատ Միրզոյանը ձևակերպեց, անկեղծ մտահոգված է. - «Եթե մտահոգություններն անկեղծ են, ապա համաձայնագիրը ստորագրելը բոլոր մտահոգությունները փարատելու ամենակարճ, ամենաարագ ու ամենաարդյունավետ միջոցն է»:
Հայաստանի Սահմանադրությունն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ չի պարունակում. արտգործնախարարը դարձյալ հղում արեց ՍԴ որոշմանը:
«Պարտավոր ենք ստորագրումից հետո վավերացման գործում նորից դիմել Սահմանադրական դատարան: Մենք կարծում ենք, ելնելով նախորդ փորձից, որ Սահմանադրական դատարանը կրկին դրական եզրակացություն կտա, չեմ կարծում, թե իր կարծիքը, դիրքորոշումը նույն հարցով, նույն սահմանների վերաբերյալ Սահմանադրական դատարանը կփոխի: Իսկ սա նշանակում է, որ չկա մեր Սահմանադրությունում տարածքային պահանջ: Նաև գիտեք, որ մենք ունենք նույն մտահոգություններն Ադրբեջանի Սահմանադրության վերաբերյալ, բայց նաև մենք կարծում ենք, որ այս համաձայնագիրը ինչպես մեր դեպքում հարցը կարող է փակել, այնպես էլ իրենց դեպքում», - ասաց Միրզոյանը:
Հայաստանում սահմանադրական փոփոխությունների գործընթաց կա ոչ այն պատճառով, որ Ադրբեջանի մտահոգությունները հիմնավոր են, այսօր պնդում էր նախարար Միրզոյանը: Բայց մինչև Սահմանադրությունից Անկախության հռչակագրի տեքստը հանելու ադրբեջանական պահանջի ձևակերպումը, կոնկրետ հռչակագրի փոփոխության հարց երբեք չի քննարկվել:
«Մենք այդտեղ պիտի մեր ներքին իրավակարգավորումները գուցե փոխենք կամ՝ չէ, այսինքն, պետք է մտածենք այդ հարցի շուրջ և հընթացս կարող ենք նաև անդրադառնալ նախաբանին, ամեն դեպքում: Սահմանադրությունը մի փաստաթուղթ է, որը ներքին ուղղվածություն ունի, ներքին նշանակություն ունի, բայց նաև կարող ենք հասկանալ, որ նաև պետության դեմքն է և ինչ-որ տարածաշրջանային կամ աշխարհաքաղաքական ուղերձներ կարող է պարունակել»:
Տանյա Ֆայոն ողջունեց խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ավարտը
Արտգործնախարարությունում այսօր Հայաստանի ու Սլովենիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարների մամուլի ասուլիսն էր: Տանյա Ֆայոն ողջունեց խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ավարտը և հույս հայտնեց, որ դրան կհետևի ստորագրումն ու լարվածությունը տարածաշրջանում կնվազի:
ԵՄ-ն Խաղաղության հիմնադրամից Հայաստանին տրամադրվելիք օժանդակության հարցով քննարկումները շարունակվում են: Անցած տարվա համեմատ գումարը կրկնապատկվել է՝ 10-ից դառնալով 20 միլիոն եվրո: «Ազատության» տեղեկություններով՝ Մոլդովայի պարագայում, օրինակ, համաձայնությունն արդեն կայացել է, իսկ Հայաստանի դեպքում՝ դեռ ոչ:
«Այս տարի գումարը մի փոքր ավելի է, կրկնապատիկն է, և քննարկումները շարունակվում են, հուսով ենք, որ ապագայում դրական հանգուցալուծում կլինի», - ասաց Արարատ Միրզոյանը:
Սլովենիան, նախարարի խոսքով, աջակցել է Հայաստանի զինված ուժերին սատարելու առաջարկին: Եվրոպացի պաշտոնյան ասաց՝ միաձայն որոշում է անհրաժեշտ: Երկու նախարարները, սակայն, չպատասխանեցին հարցին՝ կա արդյոք այս օժանդակությանն ընդդիմացող երկիր:
Տանյա Ֆայոն նաև հայտարարեց՝ Սլովենինա սատարում է Երևանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, դա համարեց տարածաշրջանում խաղաղության ու կայունության շատ կարևոր հնարավորություն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բուդապեշտը շարունակում է արգելափակել ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին գումար հատկացնելու առաջարկը