Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե Ռուսաստանը բավարար ուժ և ռեսուրսներ ունի Ուկրաինայում սկսած պատերազմը «տրամաբանական ավարտին հասցնելու համար», հույս հայտնելով, որ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի լինի։
Պուտինի իշխանավարման 25 ամյակի առթիվ պետական հեռուստատեսությամբ հեռարձակված ֆիլմում լրագրողը հարցրել է՝ կա արդյոք միջուկային սրացման վտանգ։
«Նրանք ուզում էին մեզ սադրել, որպեսզի մենք սխալներ թույլ տանք», - ասել է Պուտինը, հավելելով՝ «Այդ զենքերը կիրառելու անհրաժեշտություն չի եղել... և հուսով եմ՝ չի լինի»։
«Մենք բավարար ուժ և միջոցներ ունենք 2022 թվականին սկսվածը տրամաբանական ավարտի հասցնելու համար՝ Ռուսաստանի ցանկալի արդյունքով»,-պնդել է նա։
ԱՄՆ նախագահ Թրամփը, որ խոստացել էր ընտրվելու դեպքում արագորեն կանգնեցնել այս պատերազմը, վերջին շաբաթներին հայտարարում է, թե հիասթափված է արդյունքներից, և հնարավոր է՝ Վաշինգտոնը մոտ ապագայում դադարեցնի միջնորդական ջանքերը։