Իրանի հետ համաձայնության հասնելու համար անհրաժեշտ է խուսափել անիրատեսական դիրքորոշումներից. Արաղչի

Իրանի հետ համաձայնության հասնելու համար անհրաժեշտ է խուսափել անիրատեսական և իռացիոնալ դիրքորոշումներից, IRNA-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

Արաղչին Կալլասին տեղեկացրել է Իրանի և Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների վերաբերյալ վերջին զարգացումների մասին։ Նա նաև ասել է, որ Թեհրանը պատրաստ է բանակցություններ վարել եվրոպական խոշոր տերությունների հետ՝ Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելու հնարավորության վերաբերյալ նրանց մտահոգությունները լուծելու համար։

Իրանցի ԱԳ նախարարն ասել է, որ երկիրն ընտրել է պատասխանատու մոտեցում գիվանագիտական ուղին շարունակելու համար՝ լուծելու իր խաղաղ միջուկային ծրագրի շուրջ արհեստական մտահոգությունները:

«Այս հարցում համաձայնության հասնելը լիովին հնարավոր է, բայց դա պահանջում է խուսափել անիրատեսական և իռացիոնալ դիրքորոշումներից», - ընդգծել է նա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թեհրանը հաստատում է՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների չորրորդ փուլը հետաձգվել է


Վաշինգտոնը և Թեհրանը վերջին մեկ ամսվա ընթացքում երեք բանակցություններ են վարել Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու համաձայնագրի շուրջ՝ ֆինանսական պատժամիջոցների վերացման դիմաց։ Բանակցությունների 4-րդ փուլը՝ հետաձգվել է՝ լոգիստիկ և տեխնիկական պատճառներով, հայտարարել էր Իրանի նախագահը: