Առատ ձյան պատճառով Լարսի ճանապարհներին արգելափակված են հարյուրավոր հայկական բեռնատարներ

Ձյան առատ տեղումների պատճառով արգելափակված մեքենաներ Լարսի ճանապարհին, արխիվ

Անանցանելի ճանապարհներ կան նաև Հայաստանում, Մաստարա-Լանջիկ հատվածում մեկ տասնյակից ավելի մեքենաներ են բախվել։

Երեկ կեսգիշերից տեղացող առատ ձյունը հազարավոր մեքենաներ է արգելափակել Լարսի ճանապարհներին: Ռուսաստանում Հայաստանի մաքսային կցորդ Վահան Հակոբյանի հետ ամբողջ օրվա ընթացքում կապ հաստատել չհաջողվեց: Բայց Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի հաղորդմամբ՝ տարբեր երկրների շուրջ 2 հազար բեռնատարներ են մնացել խցանման մեջ, ավելի քան 500-ը՝ հայկական:

«Ազատությանը» տեղից տեսանյութեր ուղարկող հայ վարորդներն ասում են՝ ինտերնետ կապը մի կերպ են որսում, հեռախոսներով էլ աշխատում են շատ չխոսել, որովհետև դրանք հետո չեն կարող լիցքավորել:

«Ճամփեն փակ ա, ֆուռերը շարված են ... »:

Վրացական կողմի տվյալներով՝ թե՛ բեռնատար և թե՛ մարդատար մեքենաների համար անանցանելի են Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածները: Կա ձնահոսքի բարձր վտանգ:

Հերթերում մնացած վարորդներն ինստագրամյան և տերելգրամյան խմբերում տեղից տեսանյութեր են հրապարակում, Գուդաուրիում ձյունն արդեն ծածկում է մեքենաները.

«Իրավիճակը Գուդաուրիում՝ 20-ը փետրվարի, 2025թ., ահա այսպես է ձյունը նստել մեքենաների վրա ... »:

«Ռուսաստանի կողմից Վրաստան տանող ճանապարհը փակ է ... »:

Երեկ կեսգիշերից վարորդներն իրար հորդորում են՝ անգամ եթե նկատում են, որ ճանապարհի որոշ հատվածներ բաց են, միևնույն է, ռիսկի չդիմել ու չերթևեկել.

«Ահա ինչ է կատարվում ոլորանում: Եթե այսպես շարունակվի, լավ այստեղ չմտնել, երևի կփակեն, որովհետև նախավերջին թունելից հետո մի կերպ բարձրացանք, բայց ձյունը չի դադարում: Էնպես որ, լավ է խուսափել ու չերթևեկել ... »:

«20-ն է փետրվարի, Մոսկվայի ժամանակով 14:05 է, մենք Վերին Լարսում ենք՝ ռուսական կողմից: Այստեղ հսկայական հերթ է, ճանապարհը փակ է, ոմանք դեռ երեքշաբթի օրվանից են կանգնած հերթում, ոմանք արդեն գնացել են հյուրանոցներ: Ցուրտ է, շատ ցուրտ է ... »:

Բեռնատարների վարորդները փորձում են խնայել վառելիքն ու տաքանալու այլընտրանքային տարբերակներ են փնտրում.

«Փայտեր ենք հավաքում, վառում, ինչպես կարողանում՝ տաքանում ենք: Դիզվառելիքը վերջացել է, մեքենաները չեն տաքանում: Ցուրտ է, չորս օր է՝ ձյուն գալիս, ու դեռ հայտնի չէ, թե որքան կմնանք այստեղ ... »:

Պարբերաբար թարմացվող տվյալներով՝ Լարսում ճանապարհները դեռ փակ են մնում: Անանցանելի ճանապարհներ կան նաև Հայաստանում: Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանի փոխանցմամբ՝ Մաստարա-Լանջիկ հատվածում մեկ տասնյակից ավելի մեքենաներ են բախվել:

«Ըստ նախնական տվյալների՝ այս պահին կա չորս տուժած, դեպի Երևան ճանապարհը երկկողմանի փակվել է; Նշված հատվածում ծառայություն են իրականացնում Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատակիցներ, և ձեռնարկվում են միջոցառումներ ճանապարհահատվածը բացելու ուղղությամբ», - ասաց Սարգսյանը՝ շարունակելով. - «Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են ուժեղացված ծառայություն իրականացնել հանրապետության ճանապարհներին, և կրկին կոչ ենք անում երթևեկել ձմեռաին անվադողերով»:

Ձյան առատ տեղումները կշարունակվեն առաջիկա մի քանի օրերին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եղանակն իր հերթին է ողջ տարին «խոչընդոտներ ստեղծում Լարսում, ՌԴ-ՀՀ հարաբերություններն՝ իրենց». բեռնափոխադրող