Արցախի պատգամավորները պատրաստվում են նախագահ ընտրել

Սամվել Շահրամանյանի պաշտոնավարման ժամկետը 20 օրից կավարտվի

Արցախի պատգամավորները պատրաստվում են նախագահական ընտրությունների: Սամվել Շահրամանյանի պաշտոնավարման ժամկետը 20 օրից կավարտվի: Արցախի խորհրդարանը կարծում է, որ պետական համակարգերը, թեկուզ վտարանդի, պետք է շարունակեն գործել:

«Եվ շատ ավելի նախընտրելի է, որ մենք բոլորս կարողանանք, էսպես, կոնսենսուսային նախագահ ունենալ, ի սկզբանե հակված լինենք կոնկրետ անձի ընտրելու՝ պայմանավորված այն հանգամանքով, որ, նախ, պահպանվի Արցախի նախագահի ինստիտուտը, երկրորդ՝ նախագահը կենսունակ լինի, այդ ինստիտուտը կենսունակ լինի», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Արցախցիների իրավունքների ու վերադարձի հարցը առաջ մղելու, օրակարգում ակտիվ պահելու համար անհրաժեշտ է, որ տեղահանված ժողովուրդն ունենա առաջնորդ, նախագահի ինստիտուտը անխափան աշխատի, ասում է Հակոբյանը: Նրա խոսքով՝ միջազգային կառույցներում իրենց շարունակում են ընդունել որպես Արցախի ներկայացուցիչներ:

«Հիմա շատ շատերի մոտ հարց է առաջանում՝ լավ, ինչի է պետք Արցախի պետական ինստիտուտները: Միջազգային հանրությունը ինքը հակված է և տեսնում է, թեկուզ և իրենց ձևակերպումներում միգուցե Արցախի նախագահ չի, բայց իրենք մեզ բոլորիս ընկալում են որպես Արցախի լեգիտիմ ներկայացուցիչներ», - վստահեցրեց Մետաքսե Հակոբյանը:

Նախագահի թեկնածուի քննարկումները դեռ չեն հանգուցալուծվել: Հաջորդ շաբաթ պարզ կլինի՝ միասնակա՞ն, թե՞ առանձին թեկնածուներ են առաջադրելու: Սամվել Շահրամանյանի թեկնածության մասին ի՞նչ են մտածում: Հնարավո՞ր է՝ հակված են, որ ինքն էլ շարունակի:

«Երևի Դուք ուղիղ պատասխան եք ուզում ինձնից, բայց ես հակված եմ, որ Արցախը նախագահ ունենա, այդ ինստիտուտը պահպանվի, երկրորդը՝ այն նախագահը, որը կընտրվի, պիտի կենսունակ լինի: Պիտի Արցախի նախագահը նաև լինի էնպիսին, որպեսզի այդ ժողովուրդը՝ Արցախի ժողովուրդը, վախվորած, չգիտեմ, խեղճացած, անհայրենիք էդ զգացողությունը չլինի իրենց մոտ, և կարողանա համախմբի իր շուրջ», - հայտարարեց արցախցի խորհրդարանականը:

Սամվել Շահրամանյանը ղեկավարել է Արցախի վերջին օրերին: Խորհրդարանը նրան ընտրեց Ադրբեջանի վերջին հարձակումից ու Արցախի հայաթափումից տասն օր առաջ: Արդյոք մտադիր է շարունակել որպես վտարանդի նախագահ: Շահրամանյանը մի քանի օր առաջ ասաց՝ քաղաքական ու հանրային քննարկումներից հետո կորոշի. - «Կախված է մեր քաղաքական ուժերի դիրքորոշումից, մեր հասարակության դիրքորոշումից, և մենք հաշվի ենք առնելու այդ բոլորի կարծիքները»:

Նախընտրական քննարկումներին, որ ակտիվ շարունակվում են, չեն մասնակցում Սամվել Բաբայանի գլխավորած կուսակցության՝ «Միասնական Հայրենիք» խմբակցության պատգամավորները: Նրանք ոչ մի հարցում միասնական չեն պատգամավորների հետ, պնդում է Հակոբյանը: Ինտրիգներ է նկատում, որ իրեն դուրս չեն գալիս: Մամուլում գրվեց նաև Սամվել Բաբայանի թեկնածության մասին, բայց Բաբայանը հայտարարեց, որ չի հավակնում Արցախի նախագահի պաշտոնին: Հետո լուրեր շրջանառվեցին Արցախի նախկին նախարարներից Հայկ Խանումյանի թեկնածության մասին:

«Որևէ խմբակցություն ինձ առաջարկ չի արել, որևէ պատգամավոր ինձ առաջարկ չի արել, ոչ էլ ես եմ որևէ մեկին առաջարկ արել: Արցախի տարածքից դուրս որևէ արցախյան պաշտոնի չեմ հավակնում: Երբ Արցախը վերադարձնենք, էն ժամանակ էդ հարցը կարող եք ուղղել», - «Ազատությանը» ասաց Խանումյանը:

Հայկ Խանումյանը, թեև առաջադրվելու մտադրություն չունի, բայց կողմ է, որ Արցախի կառավարությունը, թեկուզ վտարանդի, շարունակի գործել. - «Ես որևէ խնդիր դրա մեջ չեմ տեսնում և զարմացած եմ էն մարդկանց վրա, որոնք դրա մեջ խնդիր տեսնում են»:

Սպասվող նախագահական ընտրությունների մասին վարչապետ Փաշինյանն ու նրա թիմակիցները դեռ չեն կարծիք չեն հայտնել: Բայց նախկինում Արցախի վտարանդի կառավարության մասին վարչապետը բացասական էր արտահայտվել, այն համարել սպառնալիք Հայաստանի անվտանգությանը:

«Հայաստանի Հանրապետությունում կա մի կառավարություն, և էդ կառավարությունը նստած է այս դահլիճում: Եթե որևէ մեկը Հայաստանի Հանրապետությունում իրեն նույնականացնում է որպես կառավարություն, դա Հայաստանի ազգային անվտանգության խնդիր է, և հույս ունեմ, որ այդ խնդրի գոյությունը չի նշանակի, որ մեր մարմինները իրենց աշխատանքներում թերացել են», - հայտարարել էր Փաշինյանը:

«Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը պիտի ծանր տանի «Արևմտյան Ադրբեջանի» իշխանությունների գոյությունը, այսպես ասած, Բաքվում, քան թե Արցախի իշխանությունների գոյությունը Երևանում», - հակադարձում է Հայկ Խանումյանը:

Արցախի նախագահի ընտրությունը հավանաբար մայիսի վերջին կլինի, եթե Սամվել Բաբայանի թիմակիցներն էլ նիստին չմասնակցեն, մնացած պատգամավորների ձայները բավարար են ընտրելու համար:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Հիմա բոլորին մեղադրում են թալանի մեջ, բայց դա պետք է ստանա իրավական գնահատական». ՇահրամանյանԱրցախի պատգամավորները նիստ են հրավիրել՝ օրենսդրական փոփոխություններով կարգավորելու նախագահի հետագա պաշտոնավարման հարցը«Անարդար», «փաստերը նենգափոխող», «Փաշինյանի վրայից մեղքը մաքրելու փորձ». ԱԳՆ հայտարարությունը՝ քննադատության թիրախում Լեռնային Ղարաբաղի լուծարման հրամանագրի հրապարակումից հետո տեղում ԼՂ հայության իրավունքների խնդիրը դուրս է եկել կարգավորման օրակարգից. ԱԳՆ