Ռումինիայի վարչապետը հայտարարել է իր հրաժարականի մասին

Ռումինիայի վարչապետ Մարսել Չոլակուն հայտարարել է իր հրաժարականի մասին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռումինական ծառայությունը։

Չոլակուն նշել է, որ դեկտեմբերին ձևավորված իշխող կոալիցիան պետք է ստեղծեր կայուն կառավարություն և առաջադրեր միասնական թեկնածու Ռումինիայի նախագահի պաշտոնի համար։ «Այս նպատակներից մեկը չիրականացավ։ Մենք տեսանք քվեարկության արդյունքները կիրակի օրը։ Սա նշանակում է, որ կառավարական կոալիցիան լեգիտիմություն չունի, գոնե այս կազմով, և ես առաջարկել եմ իմ գործընկերներին դուրս գալ դրանից, ինչը, իր հերթին, կհանգեցնի իմ հրաժարականին վարչապետի պաշտոնից», - նրա խոսքերն է մեջբերում «Ազատության» ռումինական ծառայությունը։

Նախարարները կշարունակեն պաշտոնավարել իրենց լիազորություններով։ Ռումինիայի նախագահի պաշտոնակատարը պետք է նշանակի կառավարության ժամանակավոր ղեկավար։

Ռումինիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի ունեցավ մայիսի 4-ին։ Հաղթող ճանաչվեց ծայրահեղ աջակողմյան «Ռումինացիների միավորման դաշինք» կուսակցության առաջնորդ Գեորգի Սիմիոնը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ բոլոր քվեաթերթիկների հաշվարկից հետո նա ստացել է ձայների 40.96 տոկոը։

Ռումինիային սպասվում է քվեարկության երկրորդ փուլ, որը տեղի կունենա երկու շաբաթից։ Սիմիոնի մրցակիցը կլինի Բուխարեստի քաղաքապետ Նիկուսոր Դանը՝ ձայների 20.99 տոկոս արդյունքով:

Իշխող կոալիցիայի թեկնածու Կրին Անտոնեսկուն զբաղեցրել է երրորդ տեղը՝ ստանալով ձայների 20.07 տոկոսը։ Ընտրություններին մասնակցել է ընդհանուր առմամբ 11 թեկնածու։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռումինիայում կրկնակի քվեարկության նախնական արդյունքներով առաջատարը Ջորջ Սիմիոնն է