Սոբյանինը պնդում է՝ դեպի Մոսկվա թռչող չորս ԱԹՍ է խոցվել

Արխիվային լուսանկար

Մայիսի 5-ի գիշերը Պոդոլսկի շրջանում խոցվել են դեպի Մոսկվա թռչող չորս անօդաչու թռչող սարքեր, Telegram-ում գրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: Նրա խոսքով՝ զոհեր չկան։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ Մոսկվայի մարզի մոտ խոցվել է չորս անօդաչու թռչող սարք։ Բացի այդ, Ռուսաստանի ռազմական գերատեսչության տվյալներով, 17 ԱԹՍ է խոցվել Բրյանսկի մարզի մոտ, ևս հինգը՝ Կալուգայի մարզի։

Անօդաչու թռչող սարքերի հարձակման ժամանակ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում մտցվել են ինքնաթիռների մուտքի և ելքի ժամանակավոր սահմանափակումներ, հայտնել է Դաշնային օդային տրանսպորտի գործակալությունը։ Մեկ ժամ անց սահմանափակումները հանվել են։

Ականատեսները հրապարակում են տեսանյութեր, որոնցում ենթադրաբար լսվում են Պոդոլսկի ՀՕՊ համակարգերի ձայները։

Ուկրաինան չի մեկնաբանել ռուսական կողմի այս պնդումները: