Սյունիքի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ կրկին կրակոցներ են եղել

Բաքուն սահմանային կրակոցներին զուգահեռ վերսկսել է հայկական կողմին մեղադրել իր դիրքերը թիրախավորելու համար։ Ընդ որում՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր արդեն պնդում է, թե հայկական կողմը կրակ է բացել նաև Սյունիքի մարզի Խնածախի ու Խոզնավարի դիրքերից։ Երևանը, մինչդեռ, այսօր ևս հերքել է Բաքվի մեղադրանքները։

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ի ժամը 17։00-ից մինչև ապրիլի 1-ի ժամը 04։45-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը», - ասված է ՀՀ Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

Սյունիքի մարզի սահմանային երկու գյուղերից՝ Խնածախից ու Խոզնավարից տեղացիներն արդեն ավելի քան 10-ն օր է՝ հաղորդում են Ադրբեջանի զինուժի կրակոցների մասին։ Եվ միայն երեկ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատեց, որ Ադրբեջանի զինուժը կրակ է բացել Խնածախի ուղղությամբ։ Ռազմական կառույցը հրապարակել է լուսանկարներ, որոնցում երևում է կրակոցներից վնասված բնակելի տան պատուհանը։ Վարչական ղեկավար Սերյան Միրզոյանը «Սիվիլնեթին» ասել է, որ գնդակոծությունը թիրախավորված է եղել, իր տունն է վնասել։

«Ընդհանուր թիրախավորված կրակ է եղել խաղաղ բնակչության վրա, որից մեկն էլ բաժին է հասել մեզ», - ասել է նա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գիշերը ադրբեջանցիները կրակել են Խնածախի ուղղությամբ՝ վնասելով տուն

Խնածախում մարդիկ երկեկվա կրակոցներից ավելի են տագնապել։ «Լարված ենք, էդ տենց ա, բայց բոոր դեպքերում էլի մենք ավելի ամուր ենք, քան նրանք», - պնդեցին տեղացիները:

Խնածախից Կամելա Օհանյանն «Ազատությանը» պատմեց, որ ադրբեջանական դիրքերից կրակոցները շարունակվել են նաև անցած գիշեր։ Ասաց՝ միայն թե մի փոքր շուտ են սկսել: Գյուղացիների խոսքով՝ ադրբեջանցիները գիշերը հենց 10:20 են սկսում՝ կրակում ճիշտ պարբերականությամբ մինչև լուսաբաց։

Խնածախին հարևան՝ Սյունիքի մյուս սահմանային գյուղում՝ Խոզնավարում ևս գիշերն առանց կրակոցների չի անցել։ Վարչական ղեկավարն «Ազատության» հետ զրույցում պատմեց, որ երեկվանից են կրակոցները վերսկսվել, նախորդ 2 օրերին կրակոցներ, ըստ Վահան Զաքյանի, չեն եղել։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Սահմանի երկայնքով լինում են դեպքեր, երբ կան կրակոցներ, սակայն դրանք Հայաստանի ուղղությամբ չեն». Պապիկյան


Մինչ ադրբեջանական դիրքերով շրջապատված գյուղացիները սպասում են՝ իշխանությունը քայլեր ձեռնարկի՝ կանխելու նման դեպքերը, Հայաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ դիվանագիտությամբ է տեսնում խնդրի լուծումը։ Մինչդեռ Բաքուն շաբաթներ շարունակ անտեսում է խաղաղության պայմանագիրը ստորագրելու հայկական կողմի առաջարկը։ Ադրբեջանական կողմը փաստաթուղթը ստորագելու համար պահանջներ է առաջ քաշում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում ու Հայաստանի Սահմանադրության փոփոխություն։